Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը մեծացել է

Եվս մեկը մահացել է հիվանդանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ տուժած Մոհսեն ալ Մազինին (Սաուդյան Արաբիայի հպատակ) մահացել է մարտի 15-ի երեկոյան։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այդ մասին տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ասաֆը։

«Վիրավորներից մեկը բուժում է անցնում, իսկ մյուսն ուրբաթ երեկոյան գնացել է ալլահի մոտ», - հայտարարել է ալ Ասաֆը։

Այսպիսով, Նոր Զելանդիայի Քրայսթչերչ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի։

Հիշեցնենք` Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ի վաղ առավոտյան հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ էին մահացել։

Հրաձիգներից մեկը` Բրենտոն Տարանտը, ավստրալիական ծագում ունեցող 28-ամյա տղամարդ է, նա 17 րոպե իր սոցցանցում տեսահեռարձակել է, թե ինչպես է մզկիթում գնդակահարում մարդկանց։ Տեղի ունեցածից առաջ նա 37 էջանոց ուղերձ է գրել, որում պարզաբանել է` ով է ինքը և ինչու է կրակ բացել մզկիթում։ Ուղերձում նա հայտարարել է, որ դա «ահաբեկչական հարձակում է»։

Հարձակման հետևանքով ձերբակալել են 4 կասկածյալ` 3 տղամարդ և մեկ կին։

Հայտնի է, որ մզկիթներից մեկում միջադեպի պահին շուրջ 300 մարդ է եղել։