Կազմակերպիչները Ստաս Միխայլովի երևանյան համերգը չեղարկելու ծանուցում չեն ստացել

Ստաս Միխայլովի երևանյան համերգի շուրջ խառնաշփոթը շարունակվում է, առայժմ հստակ չէ` երգիչը ելույթ կունենա, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Երևանում Ստաս Միխայլովի համերգն անցկացնելու մասին պայմանագրի պաշտոնական խզում չի եղել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց համերգի կազմակերպչի պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Անցիֆերովը։

Ստաս Միխայլովը չեղարկել է երևանյան համերգը

«Մենք՝ որպես կազմակերպիչներ, ոչ մի ծանուցում չենք ստացել։ Մենք պաշտոնական պայմանագիր ենք կնքել Ստաս Միխայլովի հետ։ Երեկ տարածված տեղեկությունը պաշտոնական չենք համարում։ Չեմ կարող պատասխանել Ստաս Միխայլովի փոխարեն՝ նա ելույթ կունենա, թե ոչ։ Բայց որպես կազմակերպիչ՝ մենք ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել, որպեսզի այդ համերգը կայանա», - ասաց Անցիֆերովը։

Նրա խոսքով՝ անբարեխղճության մասին արտահայտությունը, մեղմ ասած, անհիմն է, քանի որ շաբաթ ուրբաթ Միխայլովը մեկնում է Հեռավոր Արևելք, այնտեղ կայանալու է 6 համերգ՝ կազմակերպված նույն ընկերության կողմից։ Բայց դրանք չեն չեղարկվում։

«Սա տարօրինակ պատմություն է։ Ոչ պայմանագիրն է խզվել, ոչ մեր կողմից խախտումների հիմնավորումներ են ներկայացվել։ Ես իմ կողմից ուզում եմ ասել, որ մենք կատարում ենք անցյալ, ընթացիկ և գալիք համերգների հետ կապված պարտավորությունները։ Ղեկավարության կամ մենեջմենթի կողմից ոչ մի պահանջ չի ներկայացվել», - նշեց Անցիֆերովը։

Նա կասկածներ ունի, թե ինչի հետ է կապված ստեղծված իրավիճակը, բայց նա առայժմ նախընտրեց զերծ մնալ դրանք հնչեցնելուց։ Համերգը կարող է տեղի ունենալ։ Բայց եթե համերգը չկայանա և իրենց մեղադրեն ինչ-որ բանում, ապա այդ ամենի մասին հայտնի կդառնա։ Բայց առայժմ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել։

Ավելի վաղ արտիստի տնօրեն Թաբրիզ Շահիդին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ստաս Միխայլովը չեղարկել է երևանյան համերգը։

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է՝ կապված համերգի կազմակերպիչների անբարեխղճության և պայմանագրի պայմանները չկատարելու հետ։