Արցախի և Ադրբեջանի շփման գոտում ավելի քան 3000 կրակոց է հնչել մեկ շաբաթում. ՊՆ

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը նաև ականանետներ է կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը երկար դադարից հետո նորից ականանետներով կրակել է Արցախի դիրքերի վրա

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին ժամը 10.35-ից 11.15-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետներ` արձակելով 9 արկ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: