ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում։
Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով` դատարանն, ըստ էության, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին, և հերքել պաշտպանական կողմի միջնորդությունը խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ։
««Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն` ըստ էության միակ հիմքն այն է, որ, քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, և կարող են տեսնել բոլոր վկաներին, ռիսկային է գնահատվել գործի վրա ազդելու հավանականությունը»,– անդրադառնալով դատարանի որոշման հիմքերին` ասաց Օրբելյանը։
Այսուհանդերձ, Քոչարյանի փաստաբանները մտադիր են բողոքարկելու նաև այս որոշումը, և դրա համար սպասում են դատարանի որոշման տրամադրմանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին ՀՔԾ միջնորդությունը։
2019-ի հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ: