ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի:
Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի գրասենյակը։
Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում էր ներկայացրել` դատարանից պահանջելով պարտավորեցնել Մանուկյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և հրապարակավ ներողություն խնդրել։
Հայցադիմումը ներկայացվել է մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:
Թե ինչ վիրավորանքի ու զրպարտության մասին է հայցադիմումը Քոչարյանի փաստաբանները չեն մանրամասնում։ Այդ մասին չի նշվում նաև է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։