Քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ` դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման ժամանակ երեկ` մարտի 14–ին, քաղաքացիներից մեկին հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երեկ մի տեսանյութ է շրջանառվել, որտեղ երևում է` ինչպես է ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն։

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն։ Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո:

Նշենք, որ օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցներն մարտի 14–ին բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։

Մարդիկ փակել էին Մաշտոց պողոտան և պահանջում էին դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։

Այսօր ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են, բայց իրավիճակը համեմատաբար խաղաղ է։