Մադրիդյան սկզբունքներն ուժի մեջ են մնո՞ւմ. ՀՀ արտգործնախարարի մեկնաբանությունը

Հայաստանը չի հրաժարվում Արցախի շուրջ բանակցություններից, հակառակը` առաջարկում է բարձրացնել այդ բանակցությունների արդյունավետությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik.Հայաստանը Ղարաբաղի շուրջ բանակցություններում նոր մոտեցումներ ունի։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններ են ընթանում։

Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը պետք է բոլոր կողմերի համար ընդունելի լինի. Լայչակ

«Մենք շարժվում են օրակարգով, որը հստակ հայտարարվել է Ստեփանակերտում վարչապետի ելույթի ժամանակ։ Այդ մոտեցումների շուրջ ու այդ տրամաբանության մեջ մենք ուզում ենք շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ», – ասաց Մնացականյանը։

Հարցին` արդյո՞ք խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, Մնացականյանը պատասխանեց, որ օրակարգում տարբեր հարցեր կան։ Նրա խոսքով` եթե դիտարկենք նշված սկզբունքները որպես հարթություն, որտեղ կողմերն աշխատում են փոխզիջումների հիման վրա լուծումներ գտնելու համար, ապա այն գոյություն ունի։ Ու ոչ ոք չի կարող ժխտել դա։

«Կա ձևավորված շրջանակ, դա երեք սկզբունքներն են ու 6 տարրերը։ Սակայն ինչպես վարչապետը նշեց, կարևոր է, թե ինչպես են դրանք մեկնաբանվում ու ընկալվում։ Այդ առումով մենք հստակ արտահայտեցինք` ինչ նշանակություն ունի մեզ համար կարգավիճակի ու անվտանգության հարցերը, որոնք նշված են այդ 3 սկզբունքներում ու 6 տարրերում», – նշեց Մնացականյանը։

Սակայն այստեղ շատ կարևոր է մոտեցումների, դիրքորոշումների և պարտավորությունների մեկնաբանումն ու համադրումը։ Մեկ կողմը չի կարող լինել ավելի զիջող, քան մյուսը։

Որոնք են ղարաբաղյան կարգավորման կենսական նշանակություն ունեցող կետերը. հիշեցրել է ՀՀ ԱԳՆ–ն

Նրա խոսքով` հայկական կողմը նաև իր նոր մոտեցումներն ունի բանակցային գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու հարցում, խոսքը վերաբերում է Արցախի ներգրավվածությանն ու որոշիչ ձայնին։

Մնացականյանը նշեց, որ դա չպետք է դիտարկվի որպես նախապայման, դա գաղափար է, մոտեցում, որն ուղղված է արդյունավետության բարձրացմանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների ձևափոխման փորձը փակուղի է տանում, ՀՀ արտգործնախարարն ասաց, որ Արցախի մասնակցությունը բանակցություններում միայն կավելացնի բանակցությունների արդյունավետությունը։

«Մենք չեն անի ոչինչ, ինչը փակուղի է տանում։ Քանի որ մենք հավատարիմ ենք գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Մենք վճռականորեն գնալու ենք այդ ուղղությամբ», – ասաց Մնացականյանը։

Նա ընդգծեց, որ Ստեփանակերտը որոշիչ ձայն ունի, ու Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը կբարձրացնի բանակցությունների արդյունավետությունը։ Դա սկզբունքային հարց է։

Մադրիդյան սկզբունքների հիմնական կետերն են` հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ ընկած տարածքի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը, շրջանի  ինքնավարության և անվտանգության երաշխիքների ապահովումը, Հայաստանի  և Արցախի միջև միջանցքի բացումը, հետագայում ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշում` բնակչության իրավաբանորեն  պարտադիր կամարտահայտման հիման վրա, իրենց նախկին բնակության վայր փախստականների վերադարձի իրավունքների ապահովում, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում խաղաղության պահպանման գործողությունները։