Պետդեպը Հայաստանի մասին զեկույցում օգտագործել է «անջատողականներ» բառը. ԱԳՆ–ի պարզաբանումը

ԱՄՆ–ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում նշվում է, որ «անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի յոթ հարակից տարածքները»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ԱՄՆ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ԱՄՆ–ի պետդեպարտամենտի` 2018թ–ին աշխարհի երկրներում մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցը։

Պետդեպարտամենտի զեկույցում Հայաստանի մասին, մասնավորապես նշվում է, որ «անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում էին վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի հարակից յոթ տարածքները»։

«Դրանում որևէ նորություն չկա, սա տարիներ շարունակ կրկնվող ձևակերպում է: Գիտեք, որ ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ երկիր է և այս շրջանակներում ջանքեր է գործադրում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արտահայտվում է եռանախագահների համակարգված դիրքորոշմամբ», – ասաց Նաղդալյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանը բազմիցս իր աջակցությունն ու հանձնառությունն է հայտնել համանախագահների հովանու ներքո հիմնահարցի կարգավորմանը:

Նշենք, որ նման ձևակերպումն ամեն տարի կրկնվում է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում։ Ավելի վաղ օգտագործվել է «էթնիկ հայ անջատողականներ» ձևակերպումը։