Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ. Փաշինյանը հարց է ուղղել Facebook–ում

Փաշինյանին հետաքրքրում է` վարկ փակող աղքատները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում, ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Facebook սոցիալական ցանցի ր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն»,– գրել է նա:

Փաշինյանը նշել է, որ այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ:

«Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ: Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»,– հարց է ուղղել Փաշինյանը:

Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։

Ոմանք նշել են, որ նպաստառուների գործերը պետք է հատ–հատ ստուգել։ Եթե պարզվի, որ նրանք խաբեությամբ են գումար ստանում, պետք է պատժել։ Ոմանց հետաքրքրել է, թե 40 հազար դրամ ստացող նպաստառուին ինչպես են վարկ տվել։