«Երկրի պատմության ամենամութ օրերից մեկը». Նոր Զելանդիայում զոհերի թիվը հասել է 40-ի

Նոր Զելանդիայի վարչապետը ներկայացրել է սարսափելի ահաբեկչությունից հետո երկրում տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 40 մարդ է զոհվել։ Այս մասին Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է տեղական հեռուստաալիքով հեռարձակվող ուղերձի ժամանակ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քրայսթչերչի առնվազն երկու մզկիթներում այսօր հրաձգություն է տեղի ունեցել։ Հարձակմանն առնչություն ունեցող 4 կասկածյալ է ձերբակալվել` 3 տղամարդ և մեկ կին։

Քրայսթչերչի շրջանի առողջապահության վարչության տվյալներով` մոտ 48 տուժած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

«Անվտանգության սպառնալիքի մեր ազգային մակարդկը բարձրացվել է», – հայտարարել է վարչապետն ուղերձի ժամանակ։

Նրա խոսքով` հարձակումը լավ ծրագրած էր։ Երկու պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել, դրանք միացված են եղել կասկածյալների տրանսպորտային միջոցին։

Մերձմոսկովյան շրջանում գնդակահարված Գևորգ Թումանյանը ՀՀ քաղաքացի էր. ԱԳՆ

«Սա կարելի է որակել միայն որպես ահաբեկչություն», – ասել է Արդերնը։

Նա այս օրն անվանել է երկրի պատմության «ամենամութ օրերից մեկը» և հայտարարել, որ հարձակվողները կարող էին հակաէմիգրանտական մոտիվներ ունենալ, քանի որ տուժածներից շատերը, հավանաբար, փախստականներ կամ ներգաղթյալներ են։

Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի երկու կենտրոնական մզկիթներում` Ալ Նուր և Լինվուդ Մասջիդ։ Ականատեսների խոսքով` 10-15 րոպե լսվում էին կրակոցների ձայները։ Հայտնի է, որ մզկիթներից մեկում միջադեպի պահին մոտ 300 մարդ էր գտնվում։

Հրաձիգներից մեկը` Բրենտոն Տարանտը, ավստրալիական ծագում ունեցող 28-ամյա տղամարդ է, նա 17 րոպե իր սոցցանցում տեսահեռարձակում էր, թե ինչպես է մզկիթում գնդակահարում մարդկանց։ Տեղի ունեցածից առաջ նա 37 էջանոց ուղերձ էր գրել, որում պարզաբանում էր, ով է նա և ինչու է կրակ բացել մզկիթում։ Ուղերձում նա հայտարարում է, որ դա «ահաբեկչական հարձակում է»։