Արցախում պատերազմի սպառնալիքը դիվանագիտական հանդիպումները չեն չեղարկում. Մարգարով

Քաղաքագետը աննախադեպ է համարում Ստեփանակերտում վերջերս կայացած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Արցախյան հակամարտության կարգավորման հարցով ներկայացված սկզբունքները կոնկրետացման կարիք ունեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։

Նրա համոզմամբ` բանակցությունների սեղանին գտնվող կարգավորման կետերը տարընթերցումների առիթ են տալիս։ Եվ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը փորձում է այն մեկնաբանել յուրովի։ Փորձագետը կարծում է, որ հիմա ժամանակն է պարզելու և հստակեցնելու այդ սկզբունքները, եթե ուզում ենք կոնկրետ արդյունք ստանալ։

Հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակն է. Արցախն իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ–ին

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մաիլյանը ԵԱՀԿ գործող ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր, որ ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից։ Դատելով սրանից` Մարգարովը կարծում է, որ կարգավորման շուրջ առաջիկա քննարկումներն ուղղված կլինեն այս խնդրի լուծմանը։

Ստեփանակերտում վերջերս տեղի ունեցած Արցախի և Հայաստանի ԱԽ նիստը փորձագետն աննախադեպ է որակում` թե իր ձևով և թե իր բովանդակությամբ։ Նրա խոսքով` այդ նիստը վկայում է Երևանի և Ստեփանակերտի միջև առկա ճիշտ համագործակցության և համակարգման մասին։

Անկախ դիվանագիտական ակտիվ պրոցեսներից, արցախյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման հավանականություն նախկինի նման առկա է։ Այս մասին են վկայում նաև ադրբեջանական կողմի` շփման գծում սեփական ենթակառուցվածքները, ինժեներական շինությունների ամրապնդելու ակտիվ փորձերը։

Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը մտադիր չէ իրեն ներկայացնել որպես հակամարտության կողմ, որը հանդես է գալիս բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Բայց, ամեն դեպքում, կան նաև զսպող գործոններ։

«Բացի մարտական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հանրության հստակ դիրքորոշման, Ադրբեջանի ռազմամոլ ձգտումները զսպում է նաև հայկական բանակի մարտական պատրաստվածության բարձր մակարդակը», – ասաց քաղաքագետը։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների առաջիկա հանդիպմանը, որի կազմակերպման համար այժմ ակտիվ նախապատրաստություն է գնում, Բաքուն պնդելու է Արցախին լայն ինքնավարություն տրամադրելու մասին թեզիսը։ Սակայն իրականում, ըստ Մարգարովի, Ադրբեջանն կցանկանար ստանալ Արցախի տարածքն առանց դրա բնակչության։ Հայկական կողմն իր հերթին բարձրացնելու է բանակցությունների ձևաչափը փոխելու և դրանցում Ստեփանակերտի ներկայացուցիչների անմիջական մասնակցության հարցը։