90-ականների սեղանիկներից մինչև փողոցային առևտուր. կառավարությունը` սպառողի պաշտպանի դերում

Մարտի 15-ը սպառողի իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Օրվա առիթով հայ սպառողներին է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Այսօր՝ մարտի 15-ին, սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի իր ելույթում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսների հետևանքներն էր, որոնք մեր երկիրը վերապրեց»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այսօր արդեն սպառողների իրավունքների պաշտպանությունը ՀՀ իշխանությունների համար բացարձակ առաջնահերթություն է։

Իրավունքը ուժ է. հայ սպառողի իրավունքները ոտնահարող կոռուպցիոն շղթան

«Եթե մենք, փողոցներում, մայթերին, օրինակ`մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր»,– ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ կառավարության կարևորագույն խնդիրը չափանիշների բարձրացումն է ու դրանց համապատասխանեցումը միջազգային ամենաբարձրին։

«Մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ` Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում»,–նշեց վարչապետը:

Միջոցառմանը ներկա «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն էլ նշեց, որ Հայաստանում սպառողի իրավունքների հետ կապված խնդիրները բազմազան են և պայմանավորված չեն միայն սննդի անվտանգությամբ։

Հայաստանը պատրաստ է ավելացնել դեպի Ռուսաստան սննդամթերքի արտահանման ծավալները

«Սպառողի իրավունք է նաև առողջ շրջակա միջավայր ունենալը։ Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք շրջակա միջավայրի հետ կապված։ Հիմնարար իրավունքներից է նաև նվազագույն կարիքների, պահանջների բավարարման իրավունքը։ Մենք ունենք ծայրահեղ աղքատության հսկայական տոկոս»,– ասաց Պիպոյանը։

Բայց տոնի առիթով գերադասեց խոսել հայ սպառողների իրավունքների պաշտպանության ասպարեզում ունեցած դրական ձեռքբերումներից։

«Սպառողի լսելի ու տեղեկացված լինելու իրավունքի պաշտպանության ասպարեզում մենք ունենք բավական լավ դիրքեր, անգամ աշխարհի առաջատար երկրների հետ համեմատած։ Լսելին, միգուցե միշտ չէ, որ լսելի է, բայց տեղեկացվածությունը փորձում ենք մաքսիմալ ապահովել»,– ասաց Պիպոյանը։

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովը Երևանում այս տարի անցկացվում է արդեն 3-րդ անգամ, միջոցառման այս տարվա կարգախոսն է «Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն»:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողության մեխանիզմների մեծացման, սննդի շղթայում գործող տնտեսվարողների գործունեության բարելավման, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության և այլ հարցեր: