ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատարանը բավարարել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով, դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։
Մարինա Օհանջանյանը նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, բայց այն դեռ դատարան չի ուղարկվել։ «Կողմերին ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար»,– ասաց նա` հավելելով, որ դատարան ուղարկվելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Հիշեցնենք` 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում կատարված խուզարկության արդյունքները:
2019թ–ի փետրվարի 14-ին ՀՔԾ–ն հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ավտոմեքենաներ, պահածոյացված սնունդ։