Վրաստանի նախագահը պատմել է, թե որ հայերով են հպարտանում վրացիները

Հայաստանն ու Վրաստանը մեծ ներուժ ունեն` ուժեղ և զարգացած երկրներ դառնալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Վրացիները հայերին հավասար հպարտանում են Սայաթ–Նովայով, Արամ Խաչատրյանով, Սերգեյ Փարաջանովով, Շառլ Ազնավուրով, Գիվի Շահնազարիով և մյուս մեծերով։ Այդ մասին Երևանում պաշտոնական ընթրիքի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ի՞նչ անակնկալ էր սպասում Վրաստանի նախագահին Փաշինյանի հետ ճաշելուց հետո

Երեկ Զուրաբիշվիլու պատվին Հայաստանի նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի անունից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն։

«Հայաստանի և Վրաստանի պատմությունն օգնել է պահպանել դիցաբանությունը, խոսքը Քարթլոսի և Հայոսի մասին է։ Մենք գրեթե միաժամանակ ենք ընդունել քրիստոնեություն։ 1918թ–ին միաժամանակ հռչակվել է անկախություն, միաժամանակ կորցրել և վերականգնել ենք այն», – ասել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ երկու ժողովրդին միավորում են արժեքները, որոնց վրա ժամանակին հենվել է Կովկասը։ Վրացիները և հայերը հպարտանում են Սայաթ–Նովայով, Արամ Խաչատրյանով, Սերգեյ Փարաջանովով, Շառլ Ազնավուրով, Գիվի Շահնազարիով և մյուս մեծերով։

Նախագահը նշել է, որ այս տարի Վրաստանում նշվում են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150–ամյա հոբելյանները։ Կկազմակերպվի հոբելյանական երեկո, որը կանցկացվի մեծ շուքով։

«Մշակութային կապերից բացի, մենք պետք է ընդլայնենք համագործակցության շրջանակը։ Հայաստանն ու Վրաստանը մեծ ներուժ ունեն` ուժեղ, զարգացած երկրներ դառնալու և Կովկասին իր պատմական նշանակությունը վերադարձնելու համար», – ասել է Զուրաբիշվիլին։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդների մեջ ապրում է բարեկամության մասին գենետիկ հիշողությունը։

Վրաստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Արմեն Սարգսյանի հրավերով։

Զուրաբիշվիլու գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Հիշեցնենք` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։