Ոստիկանությունը հայտնեց բերման ենթարկվածների թիվը

Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնեցին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված քաղաքացիների թիվը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մաշտոց–Թումանյան փողոցների խաչմերուկից ոստիկաններն այս պահին բերման են ենթարկել 4 ցուցարարի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Նրանց կարգավիճակի ու հետագա ճակատագրի մասին ոստիկանությունն առայժմ մեկնաբանություն չի տալիս։

Հայկ Մարությանը դիմել է երևանցիներին

Ոստիկանապետի մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը, սակայն, Sputnik Արմենիային հայտնեց, որ ոստիկանություն են տեղափոխվել այն անձինք, ովքեր չեն ենթարկվել ոստիկանների հրահանգներին։ Նման գործողություն, նրա խոսքով, նախատեսված է Վարչական օրենսգրքի 162–րդ հոդվածով` «ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար»։

Իսկ բողոքի ակցիան այս պահին Երևանի կենտրոնում շարունակվում է։ Օպերայի հարակից տարածքի քանդման ենթակա սրճարանների աշխատակիցները շարունակում են փակ պահել Թումանյան փողոցը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նստած են փողոցի երթևեկելի հատվածում։ Ոստիկանություն փորձում է նրանց հետ աշխատանքների միջոցով բացել նաև այդ փողոցը, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև իրավիճակը սրվում է։

Հիշեցնենք` մինչ այդ նրանք փակել էին Թումանյան– Մաշտոց փողոցների խաչմերուկը` կաթվածահար անելով երկու փողոցների երթևեկությունը։ Ավելի ուշ, սակայն, ոստիկաններին հաջողվեց ցուցարարներին հանել Մաշտոցի պողոտայից ու վերականգնել պողոտայի երթևեկությունը։

Ցուցարարները քաղաքային իշխանություններից պահանջում են չքանդել սրճարանները։ Նրանք «Թողեք աշխատենք», «Մի քանդեք մեր աշխատատեղերը» գրությամբ պաստառներ են բերել։

Բողոքի ակցիա Երևանում. սրճարանների աշխատողները փողոց են փակել. տեսանյութ

Ցուցարարները հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Հիշեցնենք` բողոքի ակցիան օպերայի հարակից տարածքում մեկնարկել էր դեռ մարտի 13-ին, երբ քաղաքապետարանը սկսել էր սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Տասնյակ մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ պահանջելով դադարեցնել ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Երեկ երեկոյան, ժամը 18։00-ին բողոքի ակցիայի ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի քաղաքապետարան, որտեղ նրանց հետ հանդիպել էին քաղաքապետարանի աշխատակիցները։ Երևանի քաղաքապետը քննարկումներին չէր մասնակցել։

Հանդիպման ընթացքում քաղաքային իշխանության ներկայացուցիչները սրճարանների աշխատակիցներին խոստացել էին, որ գիշերը ծածուկ չեն ապամոնտաժելու շինությունները։

Այդուհանդերձ, սրճարանների աշխատակիցները հանդիպումից դժգոհ էին մնացել։