Վիկտոր Մնացականյանը խոստացավ աշխատանք գտնել գործազուրկ մատուցողների համար

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը խոստացավ ավարտին հասցնել օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները գրանցում են օպերայի հարակից տարածքից ապամոնտաժվող սրճարանների գործազուրկ մնացող աշխատակիցներին։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

Սրճարանների ապամոնտաժման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, որը ներկայացավ որպես «Շոկոլադնիցա» սրճարանի մատուցողուհի Աելիտա Պողոսյան, Մնացականյանին դժգոհեց, որ 30 տարեկանից բարձր տարիքի անձանց ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում։

«Ձեր տվյալները թողեք, ես անձամբ կզբաղվեմ ձեզ համար աշխատանք գտնելով»,– խոստացավ թաղապետը։

Ինչ վերաբերում է ապամոնտաժման աշխատանքներին, ապա Մնացականյանը հայտարարեց, որ իրենք ավարտին են հասցնելու սկսած գործը։

Բողոքի ակցիա Երևանում. սրճարանների աշխատողները փողոց են փակել. տեսանյութ

Ի դեպ, օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների աշխատողներին աշխատանքով ապահովելու նախաձեռնություն է ցուցաբերել նաև Կասկադի հարակից տարածքի սրճարաններից մեկը, որի աշխատակիցներն այսօր սեղանիկ էին տեղադրել Ազատության հրապարակում և ցուցակագրում էին աշխատատեղից զրկված քաղաքացիներին։

Նշենք, որ գրանցվողները բավականին շատ էին։ Բայց ցուցակագրողները Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ այս պահին իրենց սրճարանում ընդամենը 5 թափուր տեղ կա։