Վալերի Գերասիմովը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարծում է, որ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի դաշնակիցն է և առանցքային գործընկերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը։ Այս մասին ասել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Մոսկվայում հայ գործընկեր Արտակ Դավթյանի հետ հանդիպման ժամանակ։

«Շնորհակալ եմ ձեզ` Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու հարցում օգնելու համար։ Հայաստանն առաջիններից է արձագանքել մեր կոչին և ակտիվորեն մասնակցել այդ երկրի տարածքում մարդասիրական խնդիրների լուծմանը», – Գերասիմովի ասածը մեջբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է Գերասիմովը, Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի դաշնակիցն է և առանցքային գործընկերը։ Միաժամանակ գործակցություն է ընթանում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում, ամենից առաջ` ՀԱՊԿ–ի։

Հիշեցնենք` փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։