Սրճարանների ապամոնտաժումը դադարեցվել է մինչև առավոտ. գործընթացը շուրջ 10 օր կտևի

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հայտնեց, որ սրճարանների ապամոնտաժման գործընթացին տեխնիկայի մի քանի միավոր կներգրավեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Երևանի Ազատության հրապարակի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն  մարտի 15-ի առավոտից։ Այս մասին լրագրողներին հայտնեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Օպերայի տարածքից ոստիկանություն տեղափոխված 19 քաղաքացիներն էլ ազատ են արձակվել

Երևանի կենտրոնում գտնվող սրճարանների ապամոնտաժումը սկսվել է դեռ մարտի 13-ին, սակայն կանգնեցվել էր, քանի որ բողոքող քաղաքացիները հրավիրվել էին բանակցությունների քաղաքապետարան։ Դրանք արդյունք չտվեցին և սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները մարտի 14-ին փակեցին Երևանի փողոցները, այնուհետև հրապարակ գնացին և փորձում էին թույլ չտալ ապամոնտաժել սրճարանները։

Ինչպես նշեց Մնացականյանը, մի քանի միավոր տեխնիկա ներգրավելու պարագայում գործընթացը կշարունակվի մոտ 10 օր։

Բախում Երևանի կենտրոնում. ոստիկանը հոսպիտալացվել է, տուժել է Նաիրա Զոհրաբյանը

Ընդ որում` նա նկատեց, որ աշխատանքներին կներգրավեն նաև փորձագետներ, որոնք կկարողանան ապամոնտաժել սրճարանները առանց ծառերը վնասելու։

Սրճարաններն ապամոնտաժելու քաղաքապետարանի որոշումը բուռն դժգոհություն է առաջացրել սրճարանների սեփականատերերի և աշխատակցիների շարքում։ Նրանք պահանջում էին դադարեցնել գործընթացը և թույլ չէին տալիս շարունակել աշխատանքը։ Սեփականատերերն ընդգծում են, որ գումար են ներդրել, բարեկարգել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական կորուստներ կբերի։ Բացի այդ գործազուրկ կմնան տասնյակ մարդիկ։