Օպերայից ոստիկանություն բերվածների թիվն ավելացել է

Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնեցին, որ օպերայի հարակից տարածքից ոստիկանություն տարված ցուցարարների թիվը 4 անգամ ավելացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Երևանի կենտրոնից` օպերայի հարակից տարածքից, ոստիկաններն այս պահին բերման են ենթարկել արդեն 16 ցուցարարի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Նրանց կարգավիճակի մասին այս պահին տեղեկատվություն ոստիկանությունը չի հրապարակում։

Փակ փողոցներ, քաշքշուկ, բերման ենթարկվածներ. Երևանում կրկին բողոքի ակցիա է. ֆոտոշարք

Հայտնի է միայն, որ բոլոր ցուցարարները տեղափոխվել են ոստիկանության կենտրոնական բաժին։ Նրանց բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ՀՀ Վարչական օրենսգրքի 182–րդ հոդվածով նախատեսված արարքը, այն է` «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելը»։

Իսկ բողոքի ակցիան այս պահին Երևանի կենտրոնում շարունակվում է։ Օպերայի հարակից փողոցների երթևեկությունը վերականգնված է։ Ցուցարարները տեղափոխվել են Ազատության հրապարակ։

Քաղաքային իշխանությունն էլ շարունակում է երեկ անավարտ մնացած ապամոնտաժման աշխատանքները։

Հիշեցնենք` մինչ այդ նրանք փակել էին Թումանյան– Մաշտոց փողոցների խաչմերուկը` կաթվածահար անելով երկու փողոցների երթևեկությունը։ Ավելի ուշ, սակայն, ոստիկաններին հաջողվեց ցուցարարներին հանել Մաշտոցի պողոտայից ու վերականգնել պողոտայի երթևեկությունը։

Ցուցարարները քաղաքային իշխանություններից պահանջում են չքանդել սրճարանները։ Նրանք «Թողեք աշխատենք», «Մի քանդեք մեր աշխատատեղերը» գրությամբ պաստառներ են բերել։

Քաղաքապետարանը շարունակում է քանդել օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները

Ցուցարարները հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Հիշեցնենք` բողոքի ակցիան օպերայի հարակից տարածքում մեկնարկել էր դեռ մարտի 13-ին, երբ քաղաքապետարանը սկսել էր սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Տասնյակ մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ պահանջելով դադարեցնել ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Երեկ երեկոյան, ժամը 18։00-ին բողոքի ակցիայի ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի քաղաքապետարան, որտեղ նրանց հետ հանդիպել էին քաղաքապետարանի աշխատակիցները։ Երևանի քաղաքապետը քննարկումներին չէր մասնակցել։

Հանդիպման ընթացքում քաղաքային իշխանության ներկայացուցիչները սրճարանների աշխատակիցներին խոստացել էին, որ գիշերը ծածուկ չեն ապամոնտաժելու շինությունները։

«Ես լա՜վ տղա եմ… էս երգն իմ մասին ա…». ապամոնտաժվող սրճարաններից «կարապի երգը» հնչեց

Այդուհանդերձ, սրճարանների աշխատակիցները հանդիպումից դժգոհ էին մնացել։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։