Օպերայի տարածքից բերման ենթարկվածներից 17-ին ազատ են արձակել. մանրամասները` ՄԻՊ–ից

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է բերման ենթարկվածներին ու նրանց մասին տեղեկություններ հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Օպերայի հարակից տարածքից Ոստիկանության բաժին բերման ենթարկված 19 անձանցից 17–ն արդեն ազատ են արձակվել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը։

Նա նշում է, որ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված 19 անձանց` նրանց իրավունքների երաշխավորման նպատակով։

Քաղաքապետարանը շարունակում է քանդել օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը:

Արձանագրվել է, որ 17 անձ վարչական բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, 1 անձ՝ դիտավորությամբ գույքը ոչնչացնելու, 1 անձ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Գույքի ոչնչացման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով բերման ենթարկած 2 անձինք դեռ մնում են ոստիկանությունում։ Նրանց նկատմամբ նյութեր են նախապատրաստվում։

Պաշտպանը նշում է, որ օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված իրադարձությունները գտնվում են իրենց գրասենյակի մշտադիտարկման ներքո։