ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Օպերայի սրճարանների ապամոնտաժումն իրականացվում է երկակի ստանդարտներով»

Երևանի ավագանում «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը կարծում է, որ Երևանի օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժումն իրականացվում է երկակի ստանդարտներով։
Sputnik
Խաչատրյան. «Օպերայի սրճարանների ապամոնտաժումն իրականացվում է երկակի ստանդարտներով»

«Եթե ասում ենք օպերայի հարակից տարածք, ապա պետք է ապամոնտաժել պարսպից ներս գտնվող բոլոր սրճարանները»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի, այդ մի քանի սրճարաններն ապամոնտաժելով, չենք ստանալու այն կանաչ գոտին, որը պատկերացնում են քաղաքային իշխանությունները, և որն ուզում է ստանալ երևանցին։

Սրճարանների ապամոնտաժումը դադարեցվել է մինչև առավոտ. գործընթացը շուրջ 10 օր կտևի

«Կանաչապատումը կարել է իրականացնել միայն բոլոր սրճարանների ապամոնտաժման դեպքում»,-պնդում է Երևանի ավագանու անդամը։

Խաչատրյանի խոսքով` սրճարաններն ապամոնտաժելու դեպքում պետք է գոնե առաջարկել մարդկանց այլընտրանքային տարածքներ։

Տասնյակ մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ պահանջելով դադարեցնել ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։