Կոտայքի մարզում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել. լուսանկարներ

Մեծ քանակության զենք-զինամթերքի մասին իրավապահներին հայտնել է Զեյթունի ոստիկանություն դիմած կինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ գիշեր մեծ քանակությամբ ապօրինի զենք կամ մի ամբողջ զինանոց է հանձնվել ոստիկանություն։ Զեյթունի ոստիկանություն եկած կինը իրավապահներին է ներկայացրել ինքնաձիգներ, գնդացիր, հրացաններ, մի քանի տասնյակ նռնակ, տարբեր հրազենների փամփուշտներ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ կինը հայտնել է, թե զենք-զինամթերքը գտել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ եղբորը պատկանող տնակի խորդանոցում, որը գտնվում է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։