ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Արցախի հարցով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ, կկայանա նաև ԱԳ նախարարների հանդիպումը։ Դա կարող է զուգահեռ լինել բարձր մակարդակով հանդիպման հետ միասին», – լրագրողներին ասել է նախարարը։
Նախարարը չի բացառել նաև, որ իրենց հանդիպումը կարող է նախորդել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը։
«Ամեն ինչ հնարավոր է։ Նախապես չեմ ուզում ասել, չեմ ուզում իրարանցում ստեղծել», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Մամեդյարովի խոսքով` հակամարտության կարգավորման համար միայն «քաղաքական կամքն» է պակասում։
«Տվյալ դեպքում մենք պետք է որոշենք` շարժվում ենք, թե ջուր ենք ծեծում։ Բոլորն ամեն ինչ գիտեն, մնացել է քաղաքական կամքը։ Իզուր չէ, որ Փարիզում հայտարարություն է արվել Ադրբեջանի և Հայաստանի բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին», – հավելել է Մամեդյարովը։
Հիշեցնենք, որ հունվարի կեսին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը բանակցություններ են անցկացրել Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։