ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց–Թումանյան խաչմերուկը` ի նշան բողոքի։
Ինչպես տեղից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այս պահին ցուցարարները նստել են Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում ։ Ոստիկանությունն էլ փորձում է ազատել փողոցն ու վերականգնել երթևեկությունը։
Ոստիկանների ու ցուցարարների միջև քաշքշուկ է առաջացել, ցուցարարները պառկել են գետնին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարտի 13-ի առավոտյան սկսել էին ապամոնտաժել սրճարանները, ինչը բուռն դժգոհություն է առաջացրել սրճարանների աշխատակիցների և սեփականատերերի շրջանում։ Հավաքվել էին տասնյակ մարդիկ՝ պահանջելով դադարեցնել ապամոնտաժումը և թույլ տալ շարունակել նորմալ աշխատել։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, ըստ նրանց, գործազուրկ կդառնան տասնյակ մարդիկ։