Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը մեկնարկեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելությամբ

Մեկնարկեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և  հարգանքի տուրք  մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Հայտնի է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայաստանյան այցի օրակարգը

Վրաստանի Հանրապետության 5–րդ նախագահն այս պահին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում է։ Նրան ծանոթացնում է 20–րդ դարի 1–ին ցեղասպանության փաստական և գիտական տվյալներին։

Այցի շրջանակում նախատեսված են Զուրաբիշվիլիի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։

Վրաստանի նախագահն իր տարածաշրջանային շրջագայությունը սկսել է Ադրբեջանից։

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի բազմաթիվ թեկնածուներից միակն էր, որը զանգվածային աջակցություն ստացավ հայ համայնքի կողմից։

Զուրաբիշվիլիի մայրը և աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծանոթ են եղել պատանի հասակում։ Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է, թե ինչպես են նրանք մի օր պարել Փարիզում։