Օպերայի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են

Սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիներին քաղաքապետարանը հրավիրել է քննարկման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ազատության հրապարակին հարող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Օպերայի հարակից տարածքի սրճարանները ուրվական են դարձել. ֆոտոշարք

Նա տեղեկացրեց նաև, որ ժամը 18:00-ին սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիներին քաղաքապետարանը հրավիրել է քննարկման։ «Հրավիրել ենք քաղաքապետարան` լսելու նրանց կարծիքը, սակայն մեր մտադրությունները չեն փոխվել, և այդ սրճարանները պետք է ապամոնտաժվեն։ Մյուս կողմից, չենք ուզում ավելորդ սրացում լինի»,- ասաց Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն այսօր առավոտից սկսել էր Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումը, ինչը հարուցել է սրճարանների սեփականատերերի և աշխատողների բուռն դժգոհությունը։ Քաղաքային պաշտոնյաները հավաստիացնում են, որ գործընթացն օրինական է, ծանուցումները տրվել են ժամանակին, և այս ամենը արվում է տարածքի բարեկարգման, կանաչապատման նպատակով ու ի շահ քաղաքացիների։