Մուխթար Աուեզովից մինչև ղազախական ժարգոն. հայ ասպիրանտը սիրահարվել է Ղազախստանին

Շուշան Խաչատրյանը կատարյալ տիրապետում է ղազախերենին, բանաստեղծություններ է կարդում ու թեկնածուական գրում։Նրա համար դժվար է այդ լեզվով խոսող զրուցակիցների գտնել, բայց աղջիկը չի հուսահատվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանի պետական համալսարանի ասպիրանտ Շուշան Խաչատրյանը հիացած է Ղազախսատնով ու այդ երկրի մշակույթով, բայց կումիսը (թթու կաթնային խմիչք ձիու կաթից – խմբ.) բեշբարմակը (ուտեստ ձիու մսից – խմբ.) այդպես էլ չի սիրել։ Այս մասին աղջիկն ասել է Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Շուշանը միշտ երազել է այցելել Ղազախստան։ Ուսանողական տարիներին աղջիկը հետաքրքրվել է ղազախերենով, քանի որ այն թուրքերենի բարեկամ լեզու է համարվում, իսկ Շուշանը թուրքագիտության բաժնում էր սովորում։ Սեփական նախաձեռնությամբ աղջիկը կարդացել է ղազախական գրավոր գրականության հիմնադիր, կոմպոզիտոր ու լուսավորիչ Աբայ Կունանբաևի ստեղծագործությունների հավաքածուն` հայերեն թարգմանությամբ։ Ավելի ուշ, արդեն գիտական ղեկավարի խորհրդով, Խաչատրյանը կարդացել է «Աբայի ուղին» (առաջին էպիկ վեպը ղազախերենով, որը նկարագրում է Կունանբաևի կյանքը, հեղինակը Մուխթար Աուեզովն է) ու նրա հետաքրքրությունը ղազախական մշակույթի նկատմամբ աճել է։

Մուխթար Աուեզովից մինչև ղազախական ժարգոն. հայ ասպիրանտը սիրահարվել է Ղազախստանին

«Ես Եվրասիական ազգային համալսարանում կրթական կուրս անցնելու հնարավորություն ստացա։ Երեք ամիս ապրեցի Ղազախստանում ու ինձ հետ շատ ջերմ հիշողություններ եմ բերել։ Թեև հայերն ու ղազախները արտաքնապես նման չեն, սակայն երկու ժողովուրդն էլ առանձնանում են հյուրընկալությամբ ու ընկերասիրությամբ», –ասաց նա։

Աղջիկն ամենաշատը տպավորվել է Աբայ Կունանբաևի ծննդավայրն այցելելուց։ Նա շատ է կարդացել գրողի մասին, ու հետաքրքիր էր հնարավորություն ստանալ սեփական աչքերով տեսնել այն ամենը, ինչի մասին գրել է Ղազախստանի առաջին դասականը։ Ամեն անգամ այդ ուղևորությունը հիշելիս Շուշանը հուզվում է, նա հույս ունի կրկնել դա։

Մուխթար Աուեզովից մինչև ղազախական ժարգոն. հայ ասպիրանտը սիրահարվել է Ղազախստանին

«Ղազախստանում փորձեցի կումիս ու ձիու մսից բեշբարմակ։ Անկեղծ ասած, հիացած չեմ դրանց համով։ Ես գրեթե միս չեմ ուտում, բայց այնտեղ սկսեցի խաբել, թե բուսակեր եմ, որ հետագայում ազատեմ ինձ ձիու միս ուտելուց։ Բայց, ընդհանուր առմամբ, մնացած ամեն ինչ հավանեցի», ասաց աղջիկը։

Շուշանը Ղազախստանում նաև նոր բառեր է սովորել։ Հիմնականում դա երիտասարդների ժարգոնն է` աու (ի՞նչ) կամ այ բայ (այ քեզ բան)։ Աղջիկը չի հասցրել կարոտել իր հայրենիքը. շատ վայրեր կային, ուր նա, անպայման, ուզում էր գնալ ու տեսնել։ Ամենաշատը հայուհին զղջում է, որ քիչ է խոսել ղազախերենով, հիմնականում շփվել է ռուսերենով, անգլերենով ու նույնիսկ թուրքերենով։ Հիմա Հայաստանում նա հազվադեպ է հնարավորություն ունենում ղազախերենով խոսող զրուցակից գտնել։

«Հնարավորինս շատ եմ շփվում ղազախստանցի ուսանողների ու դեսպանատան աշխատակիցների հետ, ղազախերենով հեռուստաալիքներ եմ նայում», – ասաց ասպիրանտը։

Աղջիկը դեռ տնեցիներին ղազախերեն չի սովորեցրել, բայց կատակում է, որ դեմ չէր լինի, եթե ընտանիքում լեզվի մի գիտակ էլ լիներ։ Շուշանը շարունակում է շփվել ղազախստանից իր ընկերների հետ ու հավատում է, որ կարող է այնպես անել, որ նրանք սիրահարվեն Հայաստանին, քանի որ նա էլ սիրահարված է իրենց մշակույթին։

Մուխթար Աուեզովից մինչև ղազախական ժարգոն. հայ ասպիրանտը սիրահարվել է Ղազախստանին

Նրա խոսքով` Հայաստանում այդքան էլ դժվար չէ ղազախերենով ստեղծագործություններ գտնել. դրանք կան և՛ ազգային գրադարանում, և՛ համացանցում։ Աղջիկը վստահ է` եթե ցանկություն լինի, կարելի է գտնել և՛ գրքեր, և հետաքրքիր զրուցակից։ Իսկ նա քրտնաջան աշխատում է «Մուխթար Աուեզովի ստեղծագործության թեմատիկ առանձնահատկությունները» թեմայով ատենախոսության վրա։