Ի՞նչ անակնկալ էր սպասում Վրաստանի նախագահին Փաշինյանի հետ ճաշելուց հետո

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճաշել է Երևանի հայտնի հաստատություններից մեկում և հետաքրքիր նվեր ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրացական պատվիրակությունը` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու գլխավորությամբ, հայաստանյան այցի առաջին օրը հասցրել է ծանոթանալ հայկական խոհանոցին ու համտեսել մեր ավանդական ուտեստները։

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն ու հյուրերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճաշել են Chinar ռեստորանում։

«Մենք որպես նախուտեստ մատուցել ենք իման բայալդի, կանաչեղեն, հայկական պանրի ու մսի տեսականի, ինչպես նաև հումուս», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռեստորանի շեֆ խոհարար Աննա Համբարձումյանը։

Հյուրերին հյուրասիրել են նաև հայկական հաց` բոքոնիկ։ Որպես առաջին ճաշատեսակ մատուցել են հայկական ավանդական տոլմայի երկու տեսակ` կաղամով և խաղողի թփով։ Շեֆ խոհարարի խոսքով` երկրորդ տարբերակն ավելի շատ է դուր եկել հյուրերին։

Արմեն Սարգսյանն ու Էլթոն Ջոնը ընթրում են Երևանի ռեստորաններից մեկում

Որպես երկրորդ ճաշատեսակ` հյուրերին մատուցել են կարտոֆիլով հորթի միս` մարմանդ եփված վառարանում։ Այն մատուցել են տնական թթվով։

«Հորթի միսն այնքան նուրբ էր, որ կարելի էր գդալով ուտել։ Պատված էր հայկական համեմունքներով և աջիկայով պատրաստված հատուկ սոուսով», – ասաց Համբարձումյանը։

Աղանդերը եղել է քամած մածուն` թթի մուրաբայով և կարամելային ընկույզով։ Հյուրերը մի բաժակ սուրճ են խմել և մեկնել հաջորդ հանդիպման։

Ի դեպ, ռեստորանը նվեր է մատուցել Սալոմե Զուրաբիշվիլուն։ Նվերի զամբյուղում եղել է հայկական գաթա, ազնվամորու և սալորի տնական լիկյոր, կոմպոտ և ջեմեր։

Սեղանը գցել են 21 հոգու համար։ Թեև վարչապետի աշխատակազմը երեկ է ռեստորանի ղեկավարությանը հայտնել այնտեղ ճաշելու որոշման մասին, այդուհանդերձ անձնակազմն ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպել։

Վրաստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Արմեն Սարգսյանի հրավերով։

Երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնաց սուրճ խմելու․ լուսանկարներ

Զուրաբիշվիլու գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Հիշեցնենք` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։