Գիշերային ապամոնտաժում չի լինի. գոնե մի հարցում համաձայնության եկան

Երևանի քաղաքապետարանում ավարտվել է Օպերայի մերձակայքի սրճարանների սեփականատերերի և քաղաքային իշխանությունների հանդիպումը։ Կողմերին չի հաջողվել կոնսենսուսի հասնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Մայրաքաղաքի իշխանությունները Երևանի կենտրոնում գտնվող  սրճարանների սեփականատերերին խոստացել են, որ գիշերը ծածուկ  չեն ապամոնտաժելու շինությունները, սակայն դա չօգնեց կոնսենսուսի հասնել։ Այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Խաչատրյանը։

«Ես լա՜վ տղա եմ… էս երգն իմ մասին ա…». ապամոնտաժվող սրճարաններից «կարապի երգը» հնչեց

Երևանի քաղաքապետը քննարկումներին չի մասնակցել, քանի որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպմանն էր։

Անի Խաչատրյանը հանդես է եկել ապամոնտաժումը դադարեցնելու և սրճարանների սեփականատերերին ամառվա շրջանում աշխատանքը շարունակել թույլ տալու և միայն դրանից հետո տարածքները «մաքրելու» առաջարկով։ Սակայն քաղաքային իշխանության մյուս թևի  ներկայացուցիչները այդ առաջարկը չեն ընդունել և հայտարարել են ապամոնտաժումը շարունակելու մտադրության մասին։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր հերթին հայտարարեց, որ քաղաքային իշխանությունների գործողություններն օրինական են և դրա վերաբերյալ դժգոհություններն անտեղին են։ Նա կրկին հաստատեց քաղաքապետարանի ցանկությունը կապված Օպերայի շենքի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ։ Ըստ նրա՝ խոսքը հինգ սրճարանների մասին է։

Օպերայի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են

«Ես անձամբ կողմ եմ հանդես գալիս ապամոնտաժմանը, սակայն մենք մտադիր ենք քննարկել հարցը քաղաքապետի հետ», – ասաց նա։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարտի 13-ի առավոտյան սկսել են ապամոնտաժել սրճարանները, ինչը բուռն դժգոհություն է առաջացրել սրճարանների աշխատակիցների և սեփականատերերի շրջանում։ Այստեղ են հավաքվել տասնյակ մարդիկ՝  պահանջելով  դադարեցնել ապամոնտաժումը և թույլ տալ շարունակել նորմալ աշխատել։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, ըստ նրանց, գործազուրկ կդառնան տասնյակ մարդիկ։