YouTube-ն ու Google-ը կհայաֆիկացվեն. Կառավարությունը համամիտ է բլոգերների հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ողջունում է բլոգերների նախաձեռնությունն ու խոստանում աջակցել հայաֆիկացման ծրագրերի իրականացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունն աշխատանքային խումբ կստեղծի օնլայն տեղեկատվական հարթակների` YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հնարավորությունն ուսումնասիրելու ու դրան աջակցելու համար։

Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով հայ երիտասարդ բլոգերների նախաձեռնությանը։

Հայերը կիբեռսպորտում, կամ վիրտուալ դաժանությունը` գումար վաստակելու իրական միջոց

«Մեր մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառուն են Youtube-ի հայաֆիկացման, վեր հանեցին խնդիրը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին»,– ասաց նախարարը։

Արշակյանը խոստացավ, որ հարցի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի և առաջարկեց հետաքրքրված անձանց հայտնել իրենց տեսակետը։

Արշակյանը չբացառեց, որ այս ոլորտի կանոնակարգումը կհամապատասխանեցվի հարկային բարեփոխվող օրենսգրքի պահանջներին:

«Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է վերաբերում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում, որով միկրոբիզնեսը չի հարկվելու»,-պարզաբանեց Արշակյանը:

Նախարարը շեշտեց, որ գործընթացը պայմանավորված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր բիզնես մոդելներ ստեղծելու հետ, որի համար կարևոր նշանակուոյւն կարող է ունենալ նաև տեղեկատվական հարթակների զարգացումն ու հայֆիկացումը։