Սակագինը կավելանա. Վրաստանը բացահայտել է ռուսական գազը ՀՀ տեղափոխելու պայմանագրի դետալները

Ռուսական գազը Հայաստան տեղափոխելու սակագինը կավելանա, բայց դեռ հայտնի չէ` ինչքան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Վրաստանը հասել է ռուսական գազը Հայաստան տեղափոխելու սակագնի ավելացմանը, հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նատիա Թուրնավան` մեկնաբանելով «Գազպրոմի» հետ բանակցությունները։

«Գազպրոմի» հետ բանակցություններում վրացական կողմն առաջնորդվել է երկու հիմնական սկզբունքներով` էներգետիկ անկախություն և անվտանգություն։ Մենք հասել ենք բարելավումների երկու հարցում` տեղափոխման արժեքը, որը մեզ են վճարում, ավելացել է, իսկ ռուսական գազ գնելու գինը նվազել է», – նշել է Թուրնավան։

Հայաստանը պետք է գազի դիմաց վճարի դրամով. փորձագետ

Թուրնավան չի ասել, թե որքանով է ավելացել տեղափոխման արժեքը` պատճառաբանելով դա կոմերցիոն գաղտնիք լինելով։

«Ես չեմ կարող թվեր ասել։ Կոմերցիոն գաղտնիքի էությունը կոնկրետ գին չասելն է, բայց ես խոսում եմ դինամիկայի մասին, որը երկու դեպքում էլ մեր օգտին է խոսում», – նշել է Թուրնավան։

Նրա խոսքով` գազային ոլորտում Ադրբեջանը նախկինի նման Վրաստանի գլխավոր մատակարարն է և ռազմավարական գործընկերը, իսկ «Շահդենիզ» հանքի երկրորդ փուլի լիարժեք գործարկումից հետո ադրբեջանական գազի բաժինը Վրաստանի շուկայում կավելանա։

Հիշեցնենք, որ մինչև 2016թ.–ը ռուսական գազը Հայաստան տեղափոխելու համար Վրաստանը ստացել է գազի ֆիքսված ծավալ։ 2016թ.–ից «Գազպրոմը» փոխել է նման մոտեցումը բոլոր պետությունների համար, որոնց հետ ունի տարանցման համաձայնություններ։

Ընդդիմությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել է նրանում, որ հնարավորություն են տալիս ռուսական ընկերությանը մուտք գործել վրացական շուկա։

Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագիրը ենթադրում է տարեկան մինչև 2,5 մլրդ խմ գազի առաքում։