Ռուսաստանցի թոշակառուները նախընտրում են Հայաստանն ու Գերմանիան

Թոշակառուների շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող զբոսաշրջային ուղղությունները Հայաստանն ու Գերմանիան են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ռուսաստանում թոշակի անցած մարդիկ նախընտրում են մեկնել Հայաստան ու Գերմանիա։ Այս մասին հայտնում է Ozon.Travel գործակալությունը։

Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թիվն աճել է. երկրում հատուկ նախագիծ են մշակել

Վերջին երեք տարիների ընթացքում տարեց զբոսաշրջիկների նախապատվությունների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք սկսել են ավելի հաճախ ճամփորդել։ Միաժամանակ արդեն երրորդ տարին է` նրանք հավատարիմ են մնում Հայաստանին ու Գերմանիային։

Տարբեր տարիների ընթացքում առաջին հնգյակում եղել են Իտալիան, Մոլդովան, Վրաստանը, Իսրայելն ու Թուրքիան։

Թոշակառուները պատրաստ են Ռուսաստանի ներսում ճանապարհորդությունների համար ծախսել 7 հազար ռուբլի, իսկ արտասահմանյան ուղևորությունների համար` մինչև 17 հազար ռուբլի։ Ամենաշատ ուղևորությունները լինում են ամռանն ու աշնանը (բոլոր ճանապարհորդությունների 43%) ։

Թոշակառուները նախընտրում են զույգերով ճանապարհորդել, հատկապես` արտասահման։ Նման ուղևորությունների 92% դեպքերում ճանապարհորդները ընտանիքի անդամների հետ են ճամփորդության մեկնում։

Ինչ վերաբերում է միայնակ զբոսաշրջիկներին, ապա տղամարդիկ ավելի հաճախ ճամփորդում են Հայաստան ու Ադրբեջան (մոտ 17%), իսկ միայնակ կանայք նախընտրում են Իսրայելը (ավելի քան 40%), Իսպանիան ու Իտալիան (15–ական տոկոս)։