Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է

Պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ՝ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը՝ ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան:

Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տարբերվում են. Քոչարյան

Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

«Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը և ՀՔԾ քննիչ Մուշեղյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Շարմազանով. «Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է»

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։