Հայաստանը պետք է գազի դիմաց վճարի դրամով. փորձագետ

Հայաստանի տնտեսությունը կարող է ձերբազատվել դոլարի տատանումներից։ Փորձագետն առաջարկում է էներգակիրների դիմաց վճարել դրամ–ռուբլի հարաբերակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ԵԱՏՄ երկրները գազի ու նավթամթերքի առևտրի հարցում պետք է անցնեն ազգային արժույթի։ Այսօր` մարտի 12-ին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստում այս մասին հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Հնարավոր է ավելի էժան գազ ձեռք բերել, քան Ռուսաստանից. փոխնախարար

«Մենք պետք է որպես փորձագետներ մեր ձայնը բարձրացնենք դրամ–ռուբլի համարժեքով ուղղակի առումով գազի և նավթամթերքների ուղղակի առևտուրը կազմակերպելու համար։ Մեր երկիրը տուժում է դոլարացված տնտեսությունից»,– ասաց նա։

Սաֆարյանի համոզմամբ` այս տեսակետը հայ մասնագետները պետք է փորձեն ներկայացնել Հայաստանից դուրս` փորձագիտական հարթակներում։

«Դրանից Հայաստանի տնտեսությունը միանշանակ կշահի»,– ասաց Սաֆարյանը` հավելելով, որ դրանով Հայաստանի տնտեսությունը կձերբազատվի նաև դոլարի տատանումների կախվածությունից։

Սաֆարյանի պնդմամբ` այս խնդիրն այսօր հուզում է ոչ միայն Հայաստանին, այլև Բելառուսին, որը նույնպես գազ ու նավթ ներկրող երկիր է։