Թուրքիայի փոխարեն Հայաստանո՞վ. բուլղարական բիզնեսը Իրան տանող «վարդի» ճանապարհ է ընտրում

Այժմ բուլղարական տեխնիկան Իրան են արտահանում թուրք մատակարարները։ Հայաստանը պատրաստ է առաջարկել իր առավելությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանը կարող է հետաքրքրիր միջանցք դառնալ իրանական շուկա դուրս գալու համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Բուլղարիայի Արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի խորհրդի նախագահ Վասիլ Վելևը Երևանում հայ–բուլղարական գործարար համաժողովի ընթացքում։

Սակագինը կավելանա. Վրաստանը բացահայտել է ռուսական գազը ՀՀ տեղափոխելու պայմանագրի դետալները

«Բուլղարիայում պահպանվում է բավական զարգացած մեքենաշինություն։ Մենք ունենք ընկերություններ, որոնք ունեն հիդրավլիկ շարժիչներ, էլեկտրական մարտկոցներ, ամբարձիչներ։ Մենք աշխատում ենք իրանական շուկայում, բայց ոչ թե ուղղակիորեն, այլ Թուրքիայի մատակարարների միջոցով։ Հիմա մենք ցանկանում ենք քննարկել Հայաստանի տարածքով տեղափոխման հնարավորությունները», – նշեց Վելևը։

Նա նշեց, որ իրենց հայտնի են Հայաստանի մրցակցային առավելությունները. Եվրասիական միությունը պայմանգիր ունի Իրանի հետ արտոնյալ առևտրի մասին։ Իսկ Հայաստանը միության միակ երկիրն է, որն ընդհանուր սահման ունի Իրանի հետ։

Բուլղարիան ցանկանում է նաև հայկական և իրանական շուկա տեղափոխել հայտնի վարդի յուղը։ Բուլղարիան եղել և մնում է աշխարհում այդ յուղի խոշորագույն արտադրողներից մեկը։

«Գրեթե բոլոր ֆրանսիական օծանելիքների վարդի բույրն առանց բուլղարական յուղի չեն ստանում։ Հիմա մենք ցանկանում ենք այն առաջարկել նաև կոսմետիկայի հայ արտադրողներին, իսկ հայ սպառողներին` պատրաստի կոսմետիկա, որը նույնպես մեզ մոտ են արտադրում», – հավելեց նա։

Նշենք, որ համաժողովին մասնակցել են մոտ 150 գործարարներ և հասարակական հատվածի ներկայացուցիչներ։