Գյումրիում դանակահարության գործով փնտրվում է Վարդան Ղուկասյանի փեսան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը պարզել է, որ գյումրեցի տղամարդուն դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին փնտրում են իրավապահները: Թերթը փորձել է այդ տեղեկությունները ճշտել Վարդան Ղուկասյանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Գյումրիում կատարված դանակահարության կասկածանքով իրավապահները փնտրում են Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փեսային։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նոր մանրամասներ սպանության դեպքից, որը տեղի էր ունեցել Կոտայքի մարզում

Թերթը հիշեցնում է, որ մարտի 9-ին Գյումրիում դանակահարվել ու հիվանդանոց էր տեղափոխվել 1972 թվականին ծնված տղամարդ, որը, ըստ լուրերի, քաղաքային սուպերմարկետի աշխատակից է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են: Թերթը փորձել է այդ տեղեկությունները ճշտել Վարդան Ղուկասյանից, սակայն նա, լսելով դանակահարության մասին հարցը, մեղադրանքներ է հնչեցրել լրագրողի ու թերթի հասցեին, ապա ասել. «Ուրիշ տեղերից հարցրեք. ես այդ կառույցներից հեռու եմ»։

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են խուզարկություններ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: