Արմեն Սարգսյանն Արցախ չի մեկնել. հայտնի է` ինչ պատճառով

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե ինչու Արմեն Սարգսյանը չի մեկնել Ազգային անվտանգության խորհրդի նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կուսակից, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այսօր կայանալիք նիստին, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին չի հրավիրել:

Նշենք, որ ԱԱԽ արտահերթ նիստն անցկացվում է այսօր` մարտի 12-ին, Արցախում։

Նիստին մասնակցելու նպատակով երեկ Արցախ են մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

ՀՀ անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։