Անհնար է. Երևանի մետրոպոլիտենը հերքում է չարաշահումների մասին տեղեկությունները

Երևանի մետրոպոլիտենում պարբերաբար ստուգումներ են անցկացվում ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չի կարող չարաշահումներ անել կամ հարկերից խուսափել։ Այս մասին ասաց մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով մետրոյում արձանագրված խախտումների մասին ԶԼՄ–ների հաղորդագրությունները։

Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու ծրագիրը մտել է գործնական փուլ. լուսանկարներ

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Երևանի մետրոպոլիտենում տեղ են գտել լուրջ չարաշահումներ։

«Մետրոպոլիտենը չի կարող խուսափել հարկերից, քանի որ այն ռազմավարական նշանակության օբյեկտ է, և տարվա մեջ մի քանի անգամ պարբերաբար ստուգվում է ինչպես պետական, այնպես էլ միջազգային աուդիտորական կազմակերպությունների կողմից», – հայտարարեց Խաչատրյանը։

Նա նաև մեկնաբանեց մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ չարաշահումների մասին հայտնի է դարձել մետրոպոլիտենի գնումների համակարգող Անի Գսպոյանի` ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա Էդիկ Գսպոյանի դստեր շնորհիվ։

Ինչպես նշեց մամուլի քարտուղարը, Գսպոյանը մետրոպոլիտենի շարքային աշխատակից է, այս համակարգում աշխատում է երկու տարի։