Ողբերգական ավտովթար Աշտարակի ճանապարհին. երկու երիտասարդ տեղում մահացել են

Ավտովթարից տուժած երեք քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարը 2 երիտասարդի կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մարտի 10-ին, ժամը 18:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նոր մանրամասներ սպանության դեպքից, որը տեղի էր ունեցել Կոտայքի մարզում

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (անհրաժեշտությունից ելնելով մեկնել են «Արմենիա» ՀԲԿ):

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը 1994 թ.-ին ծնված Մ. Հ.–ն է, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը: ՃՏՊ-ի հետևանքով սյունը շրջվել է, իսկ ավտոմեքենան հայտնվել ճանապարհի հանդիպակաց գոտում:

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Դ. Դ.-ն (ծնված 1995 թ.), տեղում մահացել են: Ավտոմեքենայի մյուս ուղևորները՝ Ջ. Մ.-ն (ծնված 1991 թ.), Վ. Մ.-ն (ծնված 1991 թ.) և Կ. Դ.-ն (ծնված 1991 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները Կ. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հիվանդանոցում զոհերի և տուժածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: