Պետությունը ֆինանսավորելու է քաղցկեղի բուժման միայն մի մասը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը պարզաբանել է, թե ինչ չափով է պետական բյուջեից վճարվելու քաղցկեղային բուժումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Պետությունն իր վրա է վերցնում մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծառայությունների մի մասը։

Այսօր ԱԺ–ի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում կազմակերպված քննարկմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` մեկնաբանելով կառավարության որոշմանը հաջորդած քննադատություններն այն մասին, որ նման թանկարժեք ծառայությունների դիմաց պետությունն ի վիճակի չէ վճարել։

Լյուդմիլա Նորսոյանը քաղցկեղի դեմ պայքարում է «Լույսի 12 հրեշտակները» հավաքածուով

«Հաշվարկել ենք, որ մենք մեզ վրա կարող ենք վերցնել  վիրահատությունների բեռը։ Կարող էինք այլ մասով վերցնել` քիմիայի մասով, ճառագայթայինի մասով, բայց մենք գիտակցում ենք, որ դա շատ ծանր բեռ է, մենք չէինք կարող բարձրացնել այդ ծանրաձողը։ Դրա համար բարձրացրել ենք այն ծանրաձողը, որն այս տարի կարող էինք։ Մյուս տարի բյուջեի աճով մենք միանշանակ անդրադառնալու ենք նաև քիմիային ու ճառագայթին»,– պարզաբանեց նախարարը։

Ինչ վերաբերում է մանկական քաղցկեղին, Արսեն Թորոսյանը չհերքեց, որ 30 տոկոս դեպքերում ծնողները գերադասում են երեխայի բուժումը կազմակերպել արտերկրում։ Իսկ Հայաստանում բուժվող երեխաների համար պետությունը վճարում է քիմիաթերապիայի կուրսի արժեքը, բայց առանց դեղերի։

«Առնվազն հիվանդի ծնողից չուզեն կատետր, չուզեն այլ փոխարինվող պարագաներ, չուզեն պալատի գումար և այլն»,– ասաց Թորոսյանը։

Ըստ Թորոսյանի, մանկական օնկոլոգիայի պետպատվերի ֆինանսավորումն այս տարի կազմում է 50 մլն դրամ։