Պետական մտածողությունը կհաղթի, թե՞ քաղաքական հաշվեհարդարի քաղցը. Աշոտյանը` Փաշինյանին

Արմեն Աշոտյանին խիստ մտահոգել են Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը և դրան հաջորդած Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա»:

Իր մտահոգությունը այս հարցի շուրջ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ. լուսանկար

Նրան խիստ մտահոգել են Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը և դրան հաջորդած Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը։ « ԱԳՆ արձագանքը վկայում է, որ գոնե արտաքին գերատեսչությունում կա խնդրի լրջության իրական ընկալումը: Հայաստանի ԱԳ-ն վերջապես Արցախին վերաբերող իր պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Բնական է, որ առավել կոշտ էր Արցախի իշխանությունների արձագանքը»,–գրել է Աշոտյանը:

Նա հիշեցրել է, որ անկախ ներքաղաքական զարգացումներից, Արցախի հարցն ազգային անվտանգության և արժանապատվության խնդիր է, որն ի զորու է գեներացնել ինչպես իշխանափոխության (օրինակ՝ 1997-98 թթ), այնպես էլ ազգային կոնսոլիդացիայի գործընթացներ (1992-1994 թթ և Ապրիլյան պատերազմ):

«Որ ճանապարհով կընթանան պրոցեսները, հիմնականում կախված է Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչը կհաղթի իր մեջ՝ պետական մտածողության տարրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը, ցույց կտա ժամանակը»,–գրել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման  վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում: