Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնել ավիաաղետի բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով այս ողբերգությունը հաղթահարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է Եթովպիայի ժողովրդին

«Խոր ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ օդանավի կործանման մասին, ինչը պատճառ դարձավ մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների և անձնակազմի մահվան։ Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով այս ողբերգությունը հաղթահարելու համար»,- նշված է ուղերձում։

Հիշեցնենք` մարտի 10-ի առավոտյան, Երևանի ժամանակով 09:38-ին, Եթովպիական ավիաուղիներին պատկանող Boeing 737-ը կործանվել էր օդ բարձրանալուց 6 րոպե անց՝ Ադիս Աբեբայից 50 կիլոմետր հեռավորության վրա:

Օդանավն ուղևորվում էր Նայրոբի. ինքնաթիռում եղել են 149 ուղևոր, որոնք 33 պետությունների քաղաքացիներ էին, և անձնակազմի 8 անդամներ:

Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք ողջ չի հայտնաբերվել:

Վթարված ինքնաթիռը նոր արտադրված Boeing 737 MAX 8 օդանավ էր, որն ավիաընկերությունը ստացել էր մի քանի ամիս առաջ: