Մենք հասկանում ենք ՀՀ–ի շարժառիթները. Ապատուրայը` Սիրիա առաքելություն ուղարկելու մասին

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը խոսել է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցը։ Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ինքը` Ջեյմս Ապատուրայը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«ՆԱՏՕ–ն սիրիական առաքելության հարցում պաշտոնական դիրքորոշում, որպես այդպիսին, չունի։ Բայց այսօր այդ հարցը քննարկեցինք ՀՀ արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Ես լսեցի նրանց տեսակետները, նաև այն շարժառիթները, որոնք Հայաստանին դրդել են այդ քայլին», – նշեց ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով` ՆԱՏՕ–ում հստակ հասկանում են այն քաղաքական ու հումանիտար նկատառումները, որոնք դրդում են Հայաստանին օգնության ձեռք մեկնել Սիրիայի հայ համայնքին։

Հիշեցնենք` փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։