Ղարաբաղի հարցում որևէ ռազմական լուծում հաջողություն չի ունենա. Ապատուրայ

Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի հատուկ ներկայացուցիչը կտրականապես դեմ է ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՆԱՏՕ–ն չի միջամտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը` մեկնաբանելով Ադրբեջանի զանգվածային զորավարժությունները։

Հայաստանը մեծ ներդրում ունի Աֆղանստանի անվտանգության գործում. Ապատուրայ

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով։

«ՆԱՏՕ–ի գնահատականը սա է. հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով։ Կարծում ենք, որ ռազմական որևէ լուծում հաջողություն չի ունենա։ Սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք հակամարտության կողմերին», – ավելացրեց Ապատուրայը։

ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը նաև նշեց, որ իրենց բավականին ոգևորել են ՀՀ նոր կառավարության` հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերը։

«Մեզ նաև ուրախացնում է շփման գծում էսկալացիայի և գնդակոծությունների քանակի նկատելի նվազումը», – ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երկուշաբթի խոշոր զորավարժություններ է սկսել, որոնցում ներգրավված են շուրջ 10 հազար զինծառայող և մեծ քանակության ռազմատեխնիկա։