Կառավարության դիմաց բողոքի ակցիա է. ի՞նչ են պահանջում գազավորված ըմպելիք արտադրողները

Այս պահին բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ հանդիպում են ունենում ֆինանսների նախարարության ներկայացուցչի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Այսօր առավոտից կառավարության մուտքի մոտ են հավաքվել գազավորված ըմպելիքներ արտադրող փոքր և միջին ձեռնարկությունների աշխատակիցները։ Նրանք բողոքում են հարկային օրենսգրքում ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 5 տոկոսով ավելացնել 1 լիտրի համար կիրառվող հարկը։

Լիմոնադե Ջոյին թանկացնում են. ակցիզային «գազեր» գազավորված ըմպելիքների վրա

«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունն ունի 100 աշխատակից և օրենսդրական փոփոխության դեպքում այն կկանգնի ոչ թե կրճատման, այլ փակման առաջ։ «Մենք ուզում ենք առաջին հերթին հանդիպել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ, որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում` մեր ընկերության արտադրած գազավորված ըմպելիքները վնասակար են։ Ստացվում է` այսքան տարի մենք թունավորե՞լ ենք հայ ժողովրդին։ Եթե հիմնավորեն, որ մեր ընկերության արտադրանքը վնասակար է, ուրեմն թող միջոցներ ձեռնարկեն ու փակեն»,– ասաց Հովսեփյանը` հավելելով, որ կառավարությունն այս քայլով միտում ունի շուկան մոնոպոլիզացնելու։

Կառավարության դիմաց բողոքի ակցիա է. ի՞նչ են պահանջում գազավորված ըմպելիք արտադրողները

Կառավարության առաջ են նաև Արարատի մարզի Արտաշատում գործող «Մարի» ընկերության աշխատակիցները։ Նրանք նշում են, որ իրենց ընկերության 40 աշխատակիցները դառնալու են գործազուրկ։

«Մենք բոլորս մարզի բնակիչներ ենք։ Բնականաբար, ունենք վարկեր, և սա մեր ապրելու միջոցն է։ 20 տարուց ավելի մենք շուկայում ենք։ Ինչպես ստացվեց, որ հանկարծ այսօր դարձանք վնասակար»,– ասացին ընկերության ներկայացուցիչները։

Հավաքվածները նշում են, որ պատրաստ են մինչև օրվա վերջ մնալ կառավարության առջև, քանի դեռ իրենց չի ընդունի  որևէ ներկայացուցիչ։ Այս պահին նրանք վանկարկում են. «Ջանջուղազյան, իջի՛ր»։

Այս պահին բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ հանդիպում են ունենում ֆինանսների նախարարության ներկայացուցչի հետ։