ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան․ «Ադրբեջանը չի փոխում իր կեցվածքը և վտանգ է սպառնում Արցախի բնակչությանը»

Ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի կազմակերպած զորավարժության ու ագրեսիվ կեցվածքի մասին։
Sputnik
Հովհաննիսյան․ «Ադրբեջանը չի փոխում իր կեցվածքը և վտանգ է սպառնում Արցախի բնակչությանը»

Հովհաննիսյանի խոսքով` Ադրբեջանը չի փոխում իր ագրեսիվ կեցվածքը, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ներկայիս Ադրբեջանն իր ղեկավարությամբ, իր կառուցվածքով, մարտավարությամբ և հռետորաբանությամբ, արդեն վտանգ է սպառնում Արցախի բնակչությանը, ինչու ոչ, հենց Հայաստանի Հանրապետության բնակչությանը` հաշվի առնելով Իլհամ Ալիևի հայտարարությունները։

Մարտի 11-ից 15–ը Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին անդրադառնալով` ռազմական փորձագետը չհաստատեց տեսակետը, որ զորավարժությունն իր ծավալներով աննախադեպ է։

«Վերջին տարիներին Ադրբեջանն այս ու ավելի լայնածավալ զորավարժություններ հաճախակի է անցկացնում։ Անցած տարի առնվազն նման 3 զորավարժություն է իրականացրել, և երեքն էլ անձնակազմի հայտարարված քանակով ավելի մեծ են եղել։ Այս զորավարժությունը ներգրավված զինտեխնիկայի առումով գրեթե նույնն է` չնայած անցած տարի եղել է ավիացիոն ուժերի մինչև 50 միավորի ներգրավում։ Այս տարի 20 միավոր էր»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի փոխում իր մարտավարությունն ու ագրեսիվ կեցվածքը և քանի որ նրանք զորավարժությունն անում են հարձակվողական սցենարով, ապա սա կարող ենք որակել որպես ագրեսիայի դրսևորում ՀՀ և Արցախի նկատմամբ։

Փորձագետի համոզմամբ` շփման գծում նման քանակով զինտեխնիկայի կուտակման պարագայում հայկական կողմն ու մասնավորապես Արցախի պաշտպանության բանակը պետք է համապատասխան մարտական պատրաստվածության բերվի։

«Հավանականությունը ցածր է, որ նման զորավարժությունների ժամանակ ակնհայտ ռազմական ագրեսիայի կգնան, քան այն դեպքերում, երբ դա նախապես չի հայտարարվում։ Ինչպես 2016-ի դեպքում, երբ հանկարծակիի էին փորձում բերել»,– ասաց նա։

Փորձագետը անհավանական է համարում զորավարժության ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա հարձակումը` միաժամանակ նշելով, որ ագրեսիվ հռետորաբանությունը վկայում է, որ Ադրբեջանը չի փոխել իր կեցվածքը, շարունակում է չկատարել միջազգային պարտավորությունները` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։