Հայաստանում կանանց առողջության նոր ու ժամանակակից կենտրոն կկառուցվի

Բժշկական նոր կենտրոնի կառուցման հարցում ՀՀ կառավարությանն աջակցելու է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Բայնոնա» ընկերությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանում նախատեսվում է կանանց առողջության նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներով բժշկական կենտրոն կառուցել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը հրապարակել է ապագա կենտրոնի էսքիզային նկարները և գրել. «Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Բայնոնա» ընկերության ներկայացուցիչ Ավետիս Մուրադյանի հետ քննարկեցինք Հայաստանում միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան նոր բժշկական կենտրոն կառուցելու նախագիծը, որը կմատուցի ծննդօգնության և կանանց առողջության ծառայություններ»։

Թե որտեղ ու երբ է նախատեսվում կառուցել նոր կենտրոնը, առայժմ հայտնի չէ։ Դեռևս պարզ չէ, թե ինչ միջոցներով է իրականացվելու նախագիծը։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նախարարը հայազգի գործարարի հետ ընդամենը քննարկվել է ապագա բուժկենտրոնի կառուցման կոնցեպտը։

Իսկ վերջնական տարբերակը կորոշեն ու կմշակեն նախարարության մասնագետները` համապատասխան վերլուծության արդյունքում։