Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության համար քաղաքական արգելքներ չկան. ՊՆ

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Լևոն Այվազյանը նշում է, որ ՆԱՏՕ–ն մնում է Հայաստանի կարևոր գործընկերը, և դաշինքի հետ համագործակցությունն ընթանում է իր հունով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև 2020-2022թթ.–ին նախատեսված Անհատական գործընկերության ծրագրի (IPAP)  6–րդ փուլի հաստատման համար քաղաքական խոչընդոտներ չկան։ Այս մասին այսօր «ՆԱՏՕ–ի շաբաթի» մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության պետ Լևոն Այվազյանը։

Հայ զինվորականները կմասնակցեն ՆԱՏՕ–ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին

Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև համագործակցությունը կառուցվում է IPAP ծրագրին համապատասխան, որը ստորագրվել է 2005թ.–ի դեկտեմբերին։ IPAP–ին Հայաստանի մասնակցությունը ենթադրում է պարբերական խորհրդատվություններ ՆԱՏՕ–ի հետ` տարածաշրջանային անվտանգության, անվտանգության ռազմավարություն մշակելու, Հայաստանի ռազմական դոկտրինի, պաշտպանական գործընթացը կատարելագործելու, բյուջետային պլանավորման և այլ հարցերով։

Ինչպես նշեց Այվազյանը, ՆԱՏՕ–ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը, իսկ ծրագրի 6–րդ փուլի հաստատման գործընթացն ընթանում է իր հունով, փաստաթղթերը կազմվում են, համաձայնեցվում և միայն դրանից հետո հաստատվում։ Եթե գործընթացը դանդաղում է, ապա պատճառները զուտ տեխնիկական են։

«Քաղաքական ենթատեքստ չկա, նույնիսկ եթե փորձեն գտնել այն», – ասաց Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը։

Այվազյանը հիշեցրեց, որ դաշինքի հետ համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը։ Նրա խոսքով` առայժմ առաքելության ընդլայնում չի սպասվում, քանի որ նման հարցերը լուծվում են բացառապես հաշվի առնելով նպատակահարմարությունը, բայց հայկական համակազմն Աֆղանստանում կմնա այնքան, որքան պահանջվում է։

ՆԱՏՕ-ի շաբաթ Երևանում. Տոնոյանն ու Պուգլիսին մանրամասներն են քննարկել

Իր հերթին Հայաստանի ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը նշեց, որ իրենց հաշվարկով այս տարվա երկրորդ կեսին կսկսի 6-րդ ծրագրի նախապատրաստումը, որը կլինի 2020-2022թթ. համար:

«Քանի դեռ չի ընդունվել նոր ծրագիրը, գործում է նախկինը, և համագործակցությունը շարունակվում է այդ փաստաթղթի շրջանակում։ Համագործակցության մասին կետի առկայությունը և Հայաստանի ու ՆԱՏՕ–ի միջև փոխազդեցության զարգացումը կառավարության ծրագրում խոսում է մեր տրամադրվածության և գործընկերությունը շարունակելու պատրաստակամության մասին», – ասաց Եդիգարյանը։

Հայաստանում մարտի 11-18–ը անցկացվում է «ՆԱՏՕ–ի շաբաթը»։ Տարբեր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Նա մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ։