Հայաստան–Իրան երրորդ ԷՀԳ–ի շինարարությունը մինչև աշուն կավարտվի

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մեկնաբանել է Հայաստան–Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, մարտի 11 – Sputnik, Դավիթ Գալստյան. Իրան–Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) և համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանվել է 2019 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։

«Փետրվարի 2-ին ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Sunir» ընկերության, պատվիրատու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Իրան–Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի խնդիրների քննարկում, որի արդյունքում ստորագրվել է աշխատանքների իրականացման նոր ժամանակացույց` աշխատանքների ավարտի ժամկետ սահմանելով 2019 թ–ի սեպտեմբերի 1-ը», – գրված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնել են նաև, որ այժմ իրականացվում են սարքերի և սարքավորումների ներկրման աշխատանքներ, իսկ շինարարությունը կվերսկսվի` կախված եղանակային պայմաններից։

ԷՀԳ–ի հետ նախատեսվում էր նաև կառուցել Նորավան և Դդմաշեն ենթակայանները։

Իրանից Հայաստան եկող գազի ծավալը կկրկնապատկվի. նախարարը հաստատեց

«Դդմաշենի ենթակայանը դեռ չի կառուցվել։ Այն նախատեսված է իրականացնել Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան–Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրի շրջանակում։ Դդմաշենի կայանի կառուցման նպատակահարմարությունը կորոշվի ծրագրի տեխնիկական լուծումների արդյունքում։ Նորավան ենթակայանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, դրանք իրականացվում են Իրան–Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի ծրագրի շրջանակում», – գրված է հաղորդագրության մեջ։

Հարցին, թե նախատեսվո՞ւմ է այնպիսի ենթակայան կառուցել, որը կմիավորի Իրան և Վրաստան գնացող բարձրավոլտ գծերը, նախարարությունից հայտնեցին, Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան 400 կՎ օդային գծերի միացման տեխնիկական հարցերը քննարկման փուլում են։

«Նախկին նախագծերով որպես միացման կետ նախատեսված էր ԴԴՄաշենի ենթակայանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները, Հայաստան–Իրան 400 Կվ լարվածությամբ ԷՀԳ–ի կառուցումը պետք է ավարտվեր 2018 թվականին։ Սակայն գործընթացը ձգձգվեց։

Հիշեցնենք, որ դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախագծի համար նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։

Նոր գիծը թույլ կտա եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողունակությունը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի սնուցման համար: