Այն, որ ՄԽ համանախագահների այդ հայտարարությունը մտահոգությունների տեղիք է տալիս, ակնհայտ է դառնում թեկուզ այն բանից, որ դրան բավականին արագ հաջորդեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը: Բայց դա ոչ միայն չցրեց համանախագահների հայտարարության թողած տպավորությունը, այլ ավելի խտացրեց մտահոգվելու պատճառները:
Ըստ էության, ՄԽ համանախագահների հիմնական շեշտադրումներից մեկը հանգում էր ռազմաշունչ հռետորաբանությունից ավելացնող գործողություններից ձեռնպահ մնալու նախազգուշացում-հորդորներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցող կողմերին, ի դեմս Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների: Միջնորդ-համանախագահների մյուս հիմնական շեշտադրումը 2009-2012թթ.-ին առաջարկած «մադրիդյան սկզբունքների» հենքին վերադառնալն է: Ընդ որում, կարող է թվալ, թե 2012 թվականից այս կողմ իրավիճակը «սառեցված» է մնացել, ընդհանրապես բան չի փոխվել: Մինչդեռ բացարձակապես այդպես չէ:
Ավելին, ՄԽ համանախագահների հայտարարության մեջ, ինչպես առաջներում, չկա հասցեականություն թե՛ ռազմատենչ խոսքի ու գործողությունների, թե՛ նախապայմանների վերաբերյալ դիտողությունների հետ կապված: Իսկ այն իրողությանը, որ Ադրբեջանը հենց այս օրերին հարձակողական բնույթի ընդգրկուն զորավարժություններ է անցկացնում ընդհանրապես ոչ մի անդրադարձ չկա: Ինչպես հիշատակված չեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու 2016-ի ապրիլյան պատերազմին հաջորդած շրջանում միջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած կարևոր հանդիպումներն ու դրանց արձանագրումները:
Կիրակի օրը «ֆեյսբուքներում» արտացոլված արձագանքների շարքում գերակշռում էին գործող իշխանությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատական դիտարկումները, ինչպես նաև կոնկրետ ՄԽ համանախագահների հայտարարությանը վերաբերող հակադարձումները:
Այդ կարգի հակադարձումներից արժե առանձնացնել Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանին, ով ի լրումն ամենի, ընդգծեց. «Մեր մոտեցումներն անփոփոխ են՝ անցյալին վերադարձ չկա, լինեն դրանք սահմաններ, թե կարգավիճակ։ Մենք չափազանց բարձր գին ենք վճարել»:
Նույն տոնայնությունը, որ անցյալին վերադարձ չկա, միակողմանի զիջում անող կամ տարածք հանձնել ու հանձնող չկա, Արցախը չի եղել ու լինելու Ադրբեջանի կազմում և այլն, առկա է հայտարարությանն անդրադարձած տարբեր գործիչների, օրինակ` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի և մի շարք այլ մեկնաբանների գնահատականներում, անկախ այն բանից՝ քննադատում են իշխանությունների՞ն, թե՞ ոչ այնքան:
Քննադատական անդրադարձերի մեջ ուշադրություն է գրավում և այն դիտողությունը, որ ՄԽ համանախագահների կողմից «մադրիդյան սկզբունքների» յուրօրինակ, կներեք, հետողորմյա անելը, պարզ ասած՝ ակտիվորեն վերակենդանացնելը որոշակի պատասխան է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանություններին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարությանը:
Կա նաև տեսակետ, որ այսպես ասած՝ «վերելակային դիվանագիտությունը», այսինքն՝ Դուշանբեում նույն վերելակի մեջ հայտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցություն-պայմանավորվածությունը նախ հետին պլան մղեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը, ապա նույնիսկ ՄԽ համանախագահներին թույլ տվեց ընդհանրապես «մոռանալ» դրանց մասին կամ գոնե չհիշատակել:
Նման գնահատական էր տվել ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը` նկատելով, որ ՄԽ համանախագահների հայտարարությունը բանակցային գործընթացը պահպանելու և ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու փորձ է՝ կողմերին ուղղված հստակ ուղերձներով։
Հարկավ, իշխանության ներկայացուցիչներն էլ դեռ արտահայտվելու առիթ ու տեղ կունենան: Բայց ընդհանուր տպավորությունը, որ թողնում է ՄԽ համանախագահների հայտարարությունը, իհարկե, մտահոգիչ է, ավելին՝ լավ բաներ չի հուշում: Եվ երբ ի մի ես բերում բոլոր այդ մտահոգությունները, տագնապներն ու տրամադրությունները, էլ ավելի է ընդգծվում այն, ինչ պետք է պարզ ու ակնհայտ լիներ վաղուց. ողջ խնդիրն այն է, թե ով ինչի է պատրաստ ու ինչի է պատրաստվում: Հին հռոմեացիներն ավելի կարճ էին դա ձևակերպում. «Խաղաղություն ես ուզո՞ւմ, պատրաստ եղիր պատերազմի»:
Այդ ամենի խորապատկերում յուրօրինակ հնչեղություն է ստանում մարտի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունենալիք իրադարձությունը: Բանն այն է, որ վաղը Ստեփանակերտում հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու նպատակով արդեն Արցախ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: Հասկանալի է, ԱԱԽ անդամներն էլ են այնտեղ լինելու կամ արդեն այնտեղ են:
Պարզից էլ պարզ է, որ այս արտահերթ նիստն ուղղակիորեն շաղկապված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության ու նաև տարածաշրջանում դիտարկվող իրադարձությունների, այդ թվում՝ ադրբեջանական կողմի զորավարժությունների հետ: Ուզես, թե չուզես՝ շաղկապվում է: Բայց կոնկրետ այս դեպքում հետաքրքրական է ոչ միայն Հայաստանի ԱԱԽ արտահերթ նիստ հրավիրելու հանգամանքը, այլև առաջին հերթին՝ նիստի անցկացման վայրը: Սա էլ, որոշակի իմաստով, կարելի է համարել Հայաստանի չքողարկված ակնարկով «պատասխանը»: